Ինչպես կազմավորվեց...

Նվագախումբ

2018թ. - ը հանդիսանում և նշվում է որպես Հայաստանում ջազային երաժշտության հաստատման  80- ամյակ, պայմանավորված 1938թ. -ին,տաղանդավոր երաժիշտ և կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի գլխավորությամբ Հայաստանի պետական ջազային նվագախմբի հիմնադրմամբ: 30-ականների վերջին հիմնադրված հայկական նվագախումբը իր գործունեության առաջին իսկ տարիներից վայելել է հանդիսատեսի լայն շրջանակների սերն ու հիացմունքը: Շատ կարճ ժամանակում տաղանդավոր հայ երաժիշտներով համալրված ջազ նվագախումբը լայն ճանաչում է ձեռք բերել նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում, հանդես գալով բազմաթիվ համերգներով և հյուրախաղերով: Վարպետորեն կազմված նվագացանկը, Այվազյանի և մյուս հայ հեղինակների հիանալի երգերը ջերմացրել են հազարավոր ունկնդիրների սրտեր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նվագախումբը բազում ելույթներ է ունեցել ռազմաճակատի ողջ երկայնքով: Այվազյանական նվագախմբի կազմում ընդգրկված էին այնպիսի տաղանդավոր, վառ անուններ, ինչպիսիք են Ցոլակ Վարդազարյանը(շեփոր), Միքայել Խաչատրյանը (շեփոր) և իհարկե Հայաստանում ջազային հարվածային դպրոցի հիմնադիր Ռոբերտ Յոլչյանը:

Արմեն Հյուսնունց

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, գործիքավորող, խմբավար

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, գործիքավորող, խմբավար Արմեն Հյուսնունցը ծնվել է 1966 թ.-ի դեկտեմբերի 28-ին: Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և սաքսոֆոնի բաժինները, իսկ 1984 թ․-ին` ընդունվել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սաքսոֆոնի բաժինը:  1985-1987թթ. ` զինվորական ծառայության տարիներին, նվագել է Մոսկվայի պատվո պահակախմբի ռազմական նվագախմբում:

Արմեն Հյուսնունցը մանկավարժական գործունեությունը սկսել է 1987թ․՝ դասավանդելով Երևանի մի շարք  երաժշտական դպրոցներում: Մեկ տարի անց հրավեր է ստացել Արտաշես Քարտալյանի ջազ քառյակից, իսկ 1988-1989թթ․ ընթացքում նվագել և հանդես է եկել որպես մենակատար, առաջատար սաքսոֆոնահար Հայաստանի Պետական Ջազ նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի փայլուն ղեկավարությամբ: 1990թ. Ա․Հյուսնունցին հրավիրեցին հանդես գալ հանրային հեռուստատեսության և Հայաստանի Ռադիոյի Սիմֆոնիկ-ջազ նվագախմբի հետ, որտեղ Հյուսնունցը երկու տարի շարունակ ելույթ էր ունենում, որպես մենակատար և առաջատար սաքսոֆոնահար։ 1996 թվականին, համագործակցելով դաշնակահար և կոմպոզիտոր Խաչիկ Սահակյանի հետ, Ա․Հյուսնունցը  ստեղծեց “Time Report” էթնո-ջազ խումբը, որի համար ստեղծվեցին մի շարք  հեղինակային  ստեղծագործություններ և հայկական ժողովրդական երգերի մշակումներ, որոնց ձայնագրությունները ընդգրկվել են խմբի երեք ալբոմներում: Դժվար է պատկերացնել “Time Report” խումբն առանց Արմեն Հյուսնունցի յուրահատուկ ոճի, որը մեծ ազդեցություն ունեցավ հայկական էթնո-ջազի հետագա զարգացման վրա:

 1998թ.  աշխարհահռչակ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը հիմնում է “Armenian Navy Band” խումբը և հրավիրում է Արմեն Հյուսնունցին, ով խմբի հետ բազում ելույթներ է ունենում միջազգային փառատոնների շրջանակներում։ 
Ջազի հետ մեկտեղ, Ա․ Հյուսնունցը պարբերաբար հանդես է գալիս որպես դասական և ժամանակակից երաժշտության կատարող։ 2000թ. Հյուսնունցը կյանքի է կոչում “ArtaSax” սաքսոֆոնային քառյակը, որի նվագացանկը ներառում է մեծամասամբ դասական ստեղծագործություններ և իհարկե փոխադրումներ, մշակումներ, արված հատուկ քառյակի համար Հյուսնունցի կողմից։ Իր մշակումներով Հյուսնունցը մեծ ներդրում ունեցավ սաքսոֆոնային քառյակի նվագացանկի ընդլայման գործում։

Հետագայում  Ա․ Հյուսնունցը շարունակեց և ընդլայնեց մանկավարժական գործունեությունը՝ 2000-2006 թթ դասավանդելով Երևանի Ջազ- Էստրադային Քոլեջում, իսկ 2004-2006 թթ.` Երևանի Պետական Կոնսերվատորիայում:

Սկսած 1997թ-ից, Հյուսնունցը հանդիսանում էր   Հայաստանի Պետական Ջազ նվագախմբի մենակատար և երաժշտական  ղեկավար։ Ա․Հյուսնունցի դիրիժորական և ինչպես նաև ստեղծագործական վարպետությունը իր գագաթնակետին հասավ, երբ նա 2010թ․ ստանձնեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։  Հայաստանի Պետական Ջազ նվագախմբի նվագացանկը համալրված է Հյուսնունցի հեղինակային ստեղծագործություններով և գործիքավորումներով:

Մի շարք խմբերի հետ Արմեն Հյուսնունցը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Միջին Արևելքում: Նվագել է աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են` Արմեն Դոնելյանը, Ադրիեն Ֆեռոն, Ջո Զավինուլը, Վարդան Օվսեփյանը, Տիգրան Համասյանը, Ռիչարդ Բոնան, Ադամ Ռապան և այլոք: 
Արմեն Հյուսնունցը հյուր է հանդիսացել  մի շարք հռչակավոր  միջոցառումների և համերգների,  ինչպիսիք են` “Word Expo 2000” Հաննովերում (Գերմանիա ), “Beyt Hedin” երաժշտական փառատոնը Լիբանանում ( Հուլիս, 2000թ.), Վիեննայի Ջազ փառատոնը ( Օգոստոս, 2001թ.), “SKIF” փառատոնը Հոլանդիայում (Հոկտեմբեր 2001), “Japan World Expo” Աիչիում ( Հունիս, 2005թ.), “Caravan” ջազ փառատոնը Սիրիայում (Օգոստոս, 2008), Դուբայի ջազ փառատոնը (Հոկտեմբեր 2008), “Shanghai World Expo” (Հունիս,  2010) և մի շարք այլ փառատոններ և համերգներ Եվրոպայում և Ասիայում:
Վերջին տարիներին հատկապես աչքի է ընկնում Ա․Հյուսնունցի համագործակցությունը ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ։ Մասնավորապես նշանակալի են նրանց դուետային կատարումները, ինչպես նաև համատեղ գործունեությունը  Ա․Թունջոյաջյանի, Ջիվան Գասպարյան կրտսերի, Վարդան Բաբլոյանի և Ալեքս Բաբոյանի հետ  «AVA Trio» և  «Արագած»  անսամբլներում։

Այսպիսով, Ա․ Հյուսնունցն իր գերազանց աշխատանքով և փորձառությամբ անգնահատելի ներդրում ունի ջազ երաժշտության մեջ։ Նրա յուրօրինակ հմտությունները որպես երաժիշտ, դիրիժոր և ղեկավար, ինչպես նաև բացառիկ  գիտելիքները,  մասնագիտական պաշարը, ստեղծագործական անհատականությունը ծառայում են ոչ միայն ջազ երաժշտության զարգացմանը Հայաստանում, այլև նրա նորարարական գեղարվեստական արտահայտմանը միջազգային հարթակներում։