1997- 2010

Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը ծնվել է  1963թ.-ին, Երևանում: Երաժշտական շնորհը դրսևորել է արդեն երեք տարեկանում և տատիկի օգնությամբ սկսել է ճանաչել նոտաները: Մարտիրոսյանների տանը տարբեր երաժշտություն էր հնչում, ինչը բարերար ներգործություն էր ունենում ապագա երաժշտի ձևավորման վրա: Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում սովորելու տարիներին աչոի էր ընկնում ոչ միայն տարիքի համար բարդ դաշնամուրային ստեղծագործություններ կատարելու կարողությամբ, այլև ստեղծագործական ունակություններով:
Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի խորհրդով, ով հիացական խոսքեր չէր խնայում պատանի երաժշտի հասցեին, երկու տարի պատրաստվում է կոնսերվատորիա ընդունվելուն:
1980-1985թթ. սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում`Է. Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանում: Ուսանողական տարիներին մեծ փորձ է ձեռք բերում` նվագելով երիտասարդական տարբեր համույթներում: Կոնսերվատորիան ավարտելուց հետո, ԳԴԿՀ-ին կից ստեղծեց ‹‹Զարթոնք›› համույթը, որը հաջողությամբ ելույթներ էր ունենում տարբեր փառատոններում:
1991-1995թթ. Ա. Մարտիրոսյանն աշխատեց Շվեյցարիայում, որպես դաշնակահար և վերադաշնակող:
 

1997թ.-ը նշանակալից էր, ինչպես Ա. Մարտիրոսյանի, նույնպես և հայկակա ջազի համար: Այն ժամանակվա մշակույթի նախարար Ա. Սմբատյանի ջանքերի շնորհիվ, Ա. Մարտիրոսյանին և պրոդյուսեր Ա. Ասատրյանին, Հայաստանի պետական էստրադային ջազ նվագախմբի լուծարումից հինգ տարի անց, հաջողվեց վերականգնել այն, Հայաստանի պետաան ջազ նվագախումբ անունով, որն ամբողջովին նոր կազմով սկսեց իր աշխատանքը: Հանրահայտ ջազային ստանդարտների կողքին հրաշալի էին հնչում Ա.Մարտիրոսյանի կոմպոզիցիաները, որ իրենցից ներկայացնում էին ազգային և ջազային երաժշտության համադրում: Ա. Մարտիրոսյանի ‹‹Արևելյան բլյուզ››, ‹‹ Լեռնային պար››, ‹‹ Մասիսամբա›› ստեղծագործությունները բարձր գնահատականի արժանացան ջազի երկրպագուների ու գիտակների կողմից ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Ա. Մարտիրոսյանը հաջողությամբ աշխատում է նաև թատրոնի և կինոյի բնագավառում: Նրա երաժշտությունը հնչում է  ‹‹Տե´ր, ողորմեա››, ‹‹ Քանի դեռ կամ››,  ‹‹ Հրոսակախումբ›› կինոնկարներում,  ‹‹ Խաթաբալադա››, ‹‹Ողջույն, ես մնում եմ›› թատերական ներկայացումներում: 2007թ.-ին Ա. Մարտիրոսյանին շնորհվեց Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում: