1956-1992

Կոնստանտին Օրբելյան

Կոնստանտին Օրբելյանը ստեղծագործական վառ անհատականություն է` օժտված կոմպոզիտորի, դաշնակահարի, խմբավարի և կազմակերպչի տաղանդներով: Երաժշտագետ Մարնա Բերկոն, իր <<Կոնստանտին Օրբելյան>> գրքում գրում է. <<Կոնստանտին Օրբելյանը Հայաստանում ժամանակակից ջազի առաջին երևան հանողն է: Ջազը հատկապես այն տեսքով, ինչպես գոյություն ուներ համաշխարհային պրակտիկայում և բավական հազվագյուտ երևույո էր խորհրդային երաժշտության մեջ>>: 
Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ.-ի հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում: Նրա մանկությունն անցել է Բաքվում, ստալինյան դաժան բռնաճնշումների ժամանակաշրջանում: 1937թ. 9-ամյա Կոնստանտինը ու ավագ եղբայրը զրկվեցին ծնողական խնամքից: Հայրն ու մայրը, որ կուսակցական պատասխանատու գործիչներ էին, աքսորվեցին: 
Երաժշտական աստվածատուր հզոր տաղանդը, ակորդեոնի ու դաշնամուրի վրա նվագելու կարողությունը, տարիքի համար անհամեմատ վաղ արտահայտված կարծր բնավորուսյունն ու հպարտ անկախությունը տասնմեկամյա պատանի երաժշտին ուղեկցեցին դեպի առաջին աշխատանքը` նվագակցում էր Բաքվի <<Բուրեվեստնիկ>> սպորտընկերության մարմնամարզիկներին:
 

Սկսվեց պատերազմը: 1942թ. Կոնստանտինին վերցրին Բաքվում տեղակայված 8-րդ ավիացիոն կորպուսի ջազ-նվագախումբ` որպես դաշնակահար և ակորդեոնահար: Այդ նվագախումբը համերգներով եկավ Երևան և պատանի Օրբելյանին անմիջապես նկատեցին տեղի երաժիշտներն ու անձամբ Արտեմի Այվազյանը: Պատանի երաժշտին Այվազյանը հրավիրեց աշխատանքի` Հայաստանի ջազում:
Հայաստանի մայրաքաղաք տեղափոխվելը Կ. Օրբելյանի համար նշանակում էր` շփվել հարազատ ժողովրդի մշակույթի հետ:  Գիտության ծարավը,արտասովոր տաղանդն ու նպատակին հասնելու կամքը տվեցին իրենց պտուղները: Կ. Օրբելյանը դարձավ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական  ուսումնարանի ուսանող: Ավելի ուշ ընդունվեց կոնսերվատորիա: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին նա վերադառնում է էստրադային երաժշտության աշխարհ և ռադիոյում կազմակերպում է Գործիքային կվինտետ:
 

Եվ ահա 1956 թվականը: Կոնստանտին Օրբելյանը նշանակվում է Հայաստանի պետական էստրադային ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար:  Կոնստատնին Օրբելյանը նվագախումբը ղեկավարեց ուղիղ 36 տարի: 
Դասական երաժշտության բանագավառում ձեռք բերած հաջողությունները կոմպոզիտոորին կանգնեցրին, թերևս, ստեղծագործական ամենալուրջ խնդրի առջև` որ ժանրին տալ նախապատվությունը, դասական,թե էստրադային: Մի հետադարձ հայացք ձգելով Օրբելյանի անցած ստեղծագործական ճանապարհին, վստահորեն կարելի է հավաստել, որ նա կարողացավ արտահայտվել և' դասական, և' հանրամատչելի ժողովրդական երաժշտության մեջ, և' ջազում:  Նրա գրչին են պատկանում « Անմահություն» բալետը , «Տոնական նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար», դաշնամուրային մանրապատկերները, «Ձոն»- ը, դաշնամուրի և կամերային նվագախմբի համար վարիացիաները:
Կ. Օրբելյանը հեղինակել է բազմաթիվ երգեր, որոնք սիրվել են ոչ միայն Հայաստանում, այլև Խորհդային Միությունում և նրա սահմաններից դուրս: Այնպիսի երգեր, ինչպիսիք են` «Արևիկ», «Գալիս ես», «Սերի չի ծերանում», «Կեչիների սոսափը», «Երջանկության հարյուր ժամ» և էլի շատ երգեր, իրենց հաստատուն տեղն են գրավել Հայկական էստրադային երգի ոսկե ֆոնդում: